Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը. Արցախցի
«Սա համահայկական խնդիր է, քանի որ պաշտպանության բանակում ծառայում էին բազմաթիվ հայրենասեր տղեք Հայաստանի տարբեր մարզերից՝ սպաներ, զինվորներ, տարբեր պաշտոններում։ Ես վախենում եմ, որ նրանց ճակատագիրն էլ լինի մեր պես։ Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակների կտրելը»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից արցախացի մի տղամարդ։
Նա չի բացառում, որ անվավեր համարեն ՊԲ-ում ծառայություն անցած հայաստանցիների աշխատանքի ժամկետը, համարում է, որ փողոց են դուրս եկել նաև այն հայաստանցի եղբայրների իրավունքների համար, որոնք տարիներով ծառայել են Արցախում։
«Մեր տղաները երկու տարի ծառայել են ՊԲ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, եթե այդպես չլիներ, նրանք այստեղ էլ պետք է զորակոչվեին բանակ, բայց չէ, փառքով-պատվով առայել են, վերադարձել, մի մասն էլ իրենց կյանքն են տվել հանուն Արցախի։ Ի՞նչ է, զոհվածի կինը, մայրը չպե՞տք է նրա զոհվելու նպաստը ստանա, վսյո՞, պրծա՞վ։ Արցախը լոկ տարածք չէ, Արցախը արցախցիներն են, և ճիշտ է՝ մենք պետք է համայնք ունենանք՝ պահպանելու մեր բարբառը և այլն։ Այո, սա արցախցիների շարժում չէ, մենք համահայկական խնդիրներ ենք բարձրացնում»,-ասաց արցախցին։
Նա ընդգծում է՝ չի կարելի ջնջել իրենց անցյալը, պատմությունը։
«30 տարի անկախ Արցախը եղել է, դա պատմություն է, ոչ մեկ չի կարող ջնջել։ Մենք այստեղ ղոնաղ չենք, այստեղ մեր եղբայրներն են, քույրերն են։ Այստեղ ենք նաև իրենց խնդիրները բարձրաձայնելու»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ ավելացնելով, որ դիմելու են նախարարություն, եթե պատասխանը չբավարարեց իրենց, ապա դիմելու են դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
- Արցախցիներն այսօր դուրս կգան փողոց