Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացնում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալությունը չեղյալ հայտարարելու նամակից հետո երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքել է կալվածքի վրա առկա պարսպի և կայանատեղերի քանդումով, ասֆալտի հեռացումով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այս մասին հայտնում է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։
«Երեկ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել կալվածք՝ պահանջելով ազատել այն հայկական ներկայությունից։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանության անդամները և Հայ համայնքի անդամները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ պահանջին։
Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորվել են հեռանալ կալվածքի տարածքից և ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղյալ հայտարարել իր ուղարկած նամակի պատասխանը»,- հայտնում է Հայր Աղան Գոգչյանը:
«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։ Հիշեցնենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: