Ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումարը, որը կուղղվի ապահովագրական համակարգի ներդրմանը.Անահիտ Ավանեսյան
«Դեռ պետք է հասկանանք, թե ինչպիսի մոդել ենք ուզում, հետո նոր պարզենք. թե համապարփակ բժշկական ապահովագրման ծրագիրը ինչքան գումարի կարիք կուենենա, և այն ունենք, թե չունենք»,- ԱԺ-ում 2024թ, բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Վերջինս պարզաբանեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով 26 մլրդ դրամ էր նախատեսված ծրագրի համար, և այդքան էլ ավելացրել են Առողջապահության նախարարության բյուջեին:
«Ուղղակի դրանից 8 մլրդ-ը բաշխվել է տարբեր ծրագրերի միջև, իսկ 18 մլրդը մնացել է չբաշխված և տարվա ընթացքում այդ բաշխումները տեղի կունենան»,-հայտնեց Հովհաննիսյանը:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն արձագանքեց՝ ասելով, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը և ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են։
Զեյնալյանի խոսքով՝ առաջիկայում խորհրդարան կբերվի մեծ փաթեթ, պետք է ընդունվի օրենքը, որի հիման վրա կառավարությունն արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարեց, որ 2024 թվականի բյուջեի նախագծով 18 մլրդ դրամ է հատկացված առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրմանը, որը տարվա կեսից կուղղվի այդ ծրագրին։
Նրա խոսքով՝ 2024 թվականին առողջապահության հատկացված պետական բյուջեն բաղկացած է երկու հատվածից, առաջին հատվածը՝ պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն են։
«Եվ արդեն իսկ ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումարը, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի ներդրմանը։ 2023 թվականի փետրվարի 2-ին կառավարությունը հավանություն է տվել ապահովագրական համակարգի հայեցակարգին, որը բավական ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել, կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Շուտով կունենանք նաև օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,-հայտնեց Ավանեսյանը։
Նախարարն ասաց, որ առաջին անգամ առողջապահական ծառայությունների համար գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական, ծառայությունների մեջ մտնող ամեն հատվածի վերաբերյալ ծախսերի հաշվարկից, որի արդյունքում արդեն կձևավորվի ընդհանուր փաթեթի արժեքը։
«Սա շատ լուրջ փոփոխություն է, որովհետև տարիների ընթացքում գնային փոփոխությունները շատ հատվածական են իրականացվել և ավելի շատ հիմնված են եղել առկա միջոցների և հնարավորությունների վրա, բաշխվել են ըստ առաջնահերթությունների և հնարավորինս ուղղված են եղել բավարարելու այն հիմնարար կարիքները, որոնք մեր բնակչությունն ունի։ Այսինքն՝ այս երեք ուղղությունների հաշվարկներն արդեն իսկ ավարտական փուլում են, պատրաստ են, և օրենսդրական քննարկումների ընթացքում մենք դրանք ևս ձեզ կներկայացնենք»,-հայտնեց առողջապահության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Առողջության պարտադիր ապահովագրություն. փորձագետը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում
- Ո′չ առողջապահական համակարգը, ո′չ հասարակությունը պատրաստ չեն առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը․ Ծաղիկ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին