Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
ԿԸՀ արձանագրությունը հավաստում է, որ Լևոն Քոչարյանն արդեն ԱԺ պատգամավոր է: Լրագրողների հետ զրույցում նշեց Լ.Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
«Հիշեցման կարգով, 2021-ի դեկտեմբերի 7-ի ՍԴ որոշմամբ արձանագրվել էր, որ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ստանալու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ Ազգային ժողովի համաձայնությամբ: Հետևաբար, ֆիքսում ենք փաստը, որ Լևոնը պետք է լինի ազատության մեջ:
Տվյալ դեպքում խոսքը ոչ թե օրենքի, այլ ՍԴ որոշման մասին է, որտեղ սևը սպիտակի վրա գրված է հաստակ, պետք չի լինել սահմանադրագետ դա մեկնաբանելու համար: Ես չեմ պատկերացնում, որ այստեղ մենք որևէ իրավական վեճ ունենանք: Եթե այս հարցի վերաբեյալ վեճ է առաջանում, ստացվում է, որ ի սկզբանե նպատակը եղել է մարդուն կալանավորելը, թե՞ խոսում էինք իրավական պրոցեսի մասին: Ես ունեմ համոզմունք, որ այստեղ և մի շարք այլ դեպքերում իրավական պրոցես չկա, բայց այսպիսի հարցերում չեմ պատկերացնում, որ նման վեճ լինի։
Այստեղ ՍԴ-ի որոշման նկատմամբ հարգանքի, իրավական պետության վերաբերյալ հարց կա և դա չհարգելը, խախտելը լրիվ այլ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց փաստաբանը։
Նա հայտնեց, որ գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ սպասելով Լևոն Քոչարյանի ազատ արձակմանը։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ հետագայում գլխավոր դատախազը կարող է մտնել ԱԺ Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, Վարդևանյանը պատասխանեց. «Այստեղ խոսքը բացառապես վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելուն: Քրեական հետապնդումը շարունակվելու է, քրեական գործն առկա է, այդտեղ լիքը անելիք կա և հստակ ֆիքսվելու է, որ գործ ունենք առհասրակ իրավական պրոցեսից զուրկ մի պատկերի հետ: Մենք այս գործով հասնելու ենք վերջնական արդարացման»,-ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է՝ պետք է լինեն նոր հանգամանքներ՝ ոչ պատշաճ վարքագծի և այլն։
«Ես չեմ պատկերացնում, թե դա որը պետք է լինել։ Այսինքն դա պատկերացնելը հետևյալը կարող է լինել՝ դուրս գա, լինի ազատության մեջ, իրավապահ մարմինները ֆիքսեն այդ ոչ պատշաճ վարքագիծը։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Լևոնը սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է, սեպտեմբերի 25-ից կալանավորված, նույնիսկ անուղղակի տվյալ ոչ պաշտաճ վարքագծի ռիսկի, կանխատեսական ռիսկի առհասարակ չկա։ Հետևաբար, կարծում եմ, սա էլ է պարզ»,- ասաց Ա.Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան