Երկու տարի անց նախարարության փոխարեն արհեստական բանականության սարք կդնեն և թեման կփակվի.Արթուր Խաչատրյանը՝ Նարեկ Մկրտչյանին
«Ես երկու տարի է փորձում եմ հասկանալ, թե աշխատավարձերի բաշխումն մեր երկրում ինչպիսին է»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ միջին աշխատավարձը ոչինչ չասող մեծություն է:
«Ուզում եմ հասկանալ, թե դուք ի վերջո ինչ-որ բան նախաձեռնում եք, որ հասկանանք, թե ժամանակի ընթացքում աշխատավարձի մոդն ու միդիեանան ինչքան է»,-հարցրեց պատգամավորը և,դիմելով նախարարին, բացատրեց. «Օրինակ, եթե ԱԺ բոլորիս աշխատավարձերը 1%-ով պակասի, իսկ ձեր աշխատավարձը 1000%-ով բարձրանա, բոլորիս աշխատավարձը կբարձրանա, բայց մենք բոլորս կապրենք 1%-ով ավելի վատ, իսկ դուք շատ ավելի վատ»:
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե նախարարությունը վերջապես աշխատավարձերի բաշխվածությունն ուսումանսիրելու է, թե ոչ:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերում 90%-ը տրանսֆերային ծրագրերն են, իսկ զբաղվածության խթանման ծրագրերը 0,1%-ից քիչ են:
Խաչատրյանը ասաց, որ զբաղվածության հարցը նախարարության գլխավոր կրեատիվ գործառնությունն է, բայց գերատեսչությունն ընդհանրապես այն ուշադրության կենտրոնում չի պահում:
«Գումարը ստանում եք, տալիս եք շահառուին, ստանում շահառուին եք տալիս, այսպես որ գնա՝ երկու տարի անց նախարարության փոխարեն արհեստական բանականության սարք կդնեն և թեման կփակվի, կգնա»,-ասաց Խաչատրյանը և հարցրեց, թե Մկրտչյանը նորմալ է համարում, որ 0,1%-է գնում զբաղվածության ծրագրերին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն արձագանքեց. «Վերջին շրջանում գիտական հասարակություն չի կարողանում պատասխանել, թե արհեստական բանականությունը կարո՞ղ է փոխարինել արհեստավորներին, պատգամավորներին, նախարարներին, պետական համակարգին և այլն: Սա մի հարց է, որի պատասխանը եթե դուք տաք, Ձեզ Նոբելյան մրցանակի կառաջադրեմ ես, պարո՛ն Խաչատրյան»:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ զբաղվածության հարցը լուծելիս շեշտը դնում են կրթության վրա, քանի որ Հայաստանում կա 160 հազար քաղաքացի, որոնք որևէ կրթություն չունեն և ոչ մի տեղ չեն աշխատել, գործատուները չեն վերցրել աշխատանքի: