Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական գտնվում է անազատության մեջ․ փաստաբան
ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանը նույնիսկ մեկ րոպե ավել անազատության մեջ գտնվել չի կարող։ Այս մասին ՔԿՀ-ի մոտ լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը: Նրա պնդմամբ, նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
«Ներկա պահին մենք ՔԿՀ-ում ենք, լուծվում են տեխնիկական հարցերը: ՍԴ-ի որոշման ուժով խափանման միջոցը այս պահին համարվում է վերացված: Այնպես չէ, որ անհրաժեշտ է դատախազի որոշումը առանձին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, քանի որ ՍԴ-ի որոշումը հստակ է՝ անազատության մեջ պահվել չի կարող, ինչն էլ ենթադրում է խափանման միջոցի վերացում։ ՍԴ որոշման մեջ նշված է նաև, որ այն պարտադիր է բոլոր պետական մարմինների համար, այդ թվում ՔԿՀ-ի: Հետևաբար՝ զուտ ֆորմալ իրավաբանական իմաստով այս հարցին մոտենալ պետք չէ՝ սպասել դատախազի որոշմանը, որպեսզի այդ որոշմամբ ազատ արձակվի։ ՔԿՆ- պետք է այդ որոշումն ինքնուրույն կատարի»,- ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը հիշեցրեց՝ առկա արդեն մեկ նախադեպ․ «Դուք կհիշեք ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի, նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեպքը, երբ ՍԴ-ի որոշումը եղավ, ֆորմալ առումով սպասել են դատախազի որոշմանը, որ զուտ ձևական տեսանկյունից ընթացակարգը պահպանվի և նրանք ազատ արձակվեն: Սա նույն տրամաբանությամբ է գնում, մենք ստիպված ենք, չնայած դա իրավաչափ չէ, սպասել դատախազի որոշմանը խափանման միջոցի վերացման վերաբերյալ ի գիտություն հայտնելու տեղեկատվության տեսանկյունից ՔԿՀ-ի, որպեսզի Լևոն Քոչարյանը դուրս գա: Պետք է լինեմ ազնիվ, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է այդ գրությունը կազմվում մոտավորապես արդեն 2 ժամից ավելի»,-ասաց նա։
Փաստաբանը շեշտեց, որ կան գծեր, որոնք նրանք չեն կարող անցնել. «Տվյալ դեպքում իրենք այդ որոշումը, այդ գրությունը չեն կարող չկազմել ու չուղարկել: Եթե չուղարկեն, դա լիազորությունների չարաշահում կարող է դիտվել: Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինակն գտնվում է անազատության մեջ: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված որեւէ խոչընդոտ չի կարող լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Գիտեի, որ պատգամավորներն ԱԺ-ում են աշխատում, բայց չգիտեի՝ կան գործունեություններ, որոնք համատեղելի չեն. Մադաթյան
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան