13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժը ունի նոր առաջնորդ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։ Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Քըլըչդարօղլուն հավաքել է 664, իսկ Օզելը` 682 ձայն։
Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ 2024-i մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների վրա։
Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության ներկայացուցիչների հետ՝ գալիք ընտրություններում մշակելու նոր ռազմավարություն։
74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորում էր դեռևս 2010 թվականից։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում։