Լաբորատորիայից է սկսվում ճիշտ բուժման հիմքը. Զարուհի Գևորգյան
«Լաբորատոր ճիշտ ախտորոշումից է կախված հիվանդության բուն ախտորոշումը, ինչպես նաև դրա բուժման արդյունավետությունը։ Լաբորատոր ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի թիրախային բուժում նշանակել»,-հայտարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովի ժամանակ։
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ինչպես նաև Չինաստանից։
Ենկոյանն ընդգծել է՝ կլինիկական լաբորատոր ախտորոշումը շատ կարևոր է՝ ախտաբանությունից մինչև ամենանուրբ անձնականացված մոտեցում՝ մոլեկուլյար գենետիկ ախտորոշում։
«Առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքը մեծապես պայմանավորված է կլինիկական լաբորատոր ախտորոշիչ գործիքակազմի լայն սպեկտրով՝ սկսած արյան պարզ ընդհանուր հետազոտությունից՝ վերջացրած բարդ մոլեկուլյար գենետիկ հետազոտություններով», - նշել է պրոռեկտորը։
«Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանն իր խոսքում նշել է «Լաբորատոր բժշկի գործը միշտ ամենաանտեսանելին է հիվանդանոցային կառույցներում, բայց հենց այդտեղից է սկսվում ճիշտ բուժման հիմքը։ Յուրաքանչյուր հետազոտություն սոսկ սրվակ չէ, այլ՝ մարդկային ճակատագիր, այս գիտակցումը պետք է ունենանք»։
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Լաբորատոր բժշկության ֆեդերացիայի փոխնախագահ Միխայիլ Գոդկովը նկատել է, որ ռուս մասնագետները հայ լաբորատոր մասնագետներից սովորելու շատ բան ունեն։
«Հուսով եմ՝ մենք ևս ձեզ հետ կիսելու բան ունենք։ Մենք կարիք ունենք նմանատիպ քննարկումների, նույնիսկ՝ բանավեճերի, նոր բացահայտումների, ձեռքբերումների։ Այս դժվարին ժամանակներում հրաշք է, որ մենք ձեզ հետ միասին կարողացանք կազմակերպել այս գիտաժողովը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին