Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
Կենտրոնական ընտրական հանձնաժողվն այսօր նիստ է հրավիրել: ԿԸՀ որոշմամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ-ից հայտնում են, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին էր ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել է նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։ Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։
Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է։
«2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Հետևաբար, ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,-հայտարարել էր Քոչարյանի փաստաբանական թիմը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն այսօր մանդատ կտրամադրի Լևոն Քոչարյանին
- Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ. փաստաբանական խումբ
- Միհրդատ Մադաթյանը փոշմանել է
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան