Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է
Այսօր մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է:
Գրականագետ Հովիկ Չարխչյանը քիչ հայտնի մի քանի փաստ է ներկայացրել դերասանի կյանքից.
«Երբ սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը, Հրաչյայի ծնողները թաքցնում են իրենց որդուն, որպեսզի նրան չզորակոչեն թուրքական բանակ: Սակայն շուտով տղային գտնում են: Նա զինվորագրվում է ու արաբների դեմ կռիվներից մեկի ժամանակ գերի է ընկնում: Հայտնվում է բանտում, որտեղ նրան խոշտանգում ու տանջում են: Միայն հրաշքով է ապագա դերասանին հաջողվում ոչ միայն կենդանի մնալ, այլև դիմել փախուստի:
Հրաչյա Ներսիսյանի ազգանունն իրականում Ներսիսյան չէ, այլ Քեչեջյան: Նոր ազգանուն նա «ստացել է» 1922 թվականին, երբ Փափազյանի թատերախմբի հետ նավով հասնում է Բաթում: Երիտասարդ դերասանը իր հետ անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չուներ: Եվ հենց Բաթումում էլ նրա նոր անձնագրում գրում են Ներսիսյան:
Նա մշտապես սպասում էր, որ մի օր իրեն կձերբակալեն, ինչպես դա կատարվում էր իր խաղընկերներից շատերի հետ ստալինյան երկրում: Եվ ահա մի երեկո ներկայացումն ավարտվելուց անմիջապես հետո նրան են մոտենում համազգեստավոր մի քանիսը և ասում են. «Ներսիսյան, հետևեք մեզ»: «Վերջ, ահա և կատարվեց»,- մտածում է Ներսիսյանը և քայլում է դեպի իրեն սպասող մեքենան: Երկու կողմերից գալիս էին ուղեկցող զինվորականներ: Վերջապես մեքենան տեղ է հասնում: Դուռը բացում են, դերասանը դուրս է գալիս և հանկարծ հրապարակում շարված հազարավոր մարտիկներ սկսում են վանկարկել. «Ուռա, ուռա, ուռա, Ներ-սիս-յան, Ներ-սիս-յան…»: Ապշահար, մի կերպ շունչը տեղը բերելով Հրաչյա Ներսիսյանը շրջվում է իրեն «բերման ենթարկած» հրամանատարի կողմը և ասում է.
- Դուք էլ եք արտիստ: Բայց ես ժողովրդական արտիստ եմ…»։
Գուրգեն Մահարու հուշերից՝ Հրաչյա Ներսիսյանի մասին
«Մտերիմ խոսք
Դու այստեղ չես տխրի, հավատացնում եմ քեզ, այս մենք կտխրենք առանց քեզ:
Ահա Կոմիտասը ամենահայր եւ Եղիշե Թադեւոսյանը, ահա վեհաշուք ու նահապետ Աբելյանը Հովհաննես ու առյուծաբաշ Շիրվանզադեն, Իսահակյանն է այստեղ, որին շատ բան կպատմես ու դեռ Հովհաննես Հովհաննիսյանը… Հետո Չարենցը կգա Ակսել Բակունցի հետ, որոնք դեռ տեղ չեն հասել, էլ ինչու՞ դու պիտի տխրես, այդ մենք կտխրենք առանց քեզ, հավատա ինձ:
Դալար է մեր ժողովրդի մեջքը, հրաշածին ու բեղմնավոր նրա արգանդը. արվեստի բարձրադիր գահերը թափուր չեն մնա, մեր ցավն այն է, որ անժամանակ էր քո անդարձ մեկնումը…
Իսկ այնպես ի՞նչ մահ, նայիր քո շուրջը, մի՞թե դու գտնվում ես մահացածների մեջ:
Իհարկե ոչ: Իհարկե, դու այստեղ չես տխրի, մեր հին պանթեոնի նո՜ր բնակիչ, այդ մենք կտխրենք առանց քեզ:
…Դեռ երիտասարդ, թողիր դու Մարմարայի ափերը եւ խարիսխ նետեցիր քո ժողովրդի սրտում: Դու մեծացար քո ժողովրդի հետ եւ տվիր քո ողջ ստեղծագործական կրակն ու ավյունը քո ժողովրդի մեծ արվեստին:
Դու չիմացար քո մեծությունը: Զարմանու՞մ ես, որ գտնվում ես պանթեոնում: Դու գիտեիր ժպտալ քո լուսավոր կնճիռներով, մանկական ժպիտով: Այդ քեզ շատ էր նման:
Չփորձես քեզ նմանվել:
Չփորձես ժպտալմ երբ բոլորը լալիս են:
Քեզ լուրջ պահիր» (Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 497-50):
Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին նոյեմբերի 24-ին Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։
Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։
Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծ մասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։
1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
1923 թվականից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։
Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։
Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։
Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։
Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։
1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարով ասել է իր վերջին խոսքը և հրաժեշտ տվել կյանքին ու արվեստին՝ նոյեմբերի 6, 1961։
Ներսիսյանի դերասանական վարպետությունը 1930-ական թվականներին լիովին բացահայտվել է Ֆալստաֆի, Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Պլատոն Կրեչետի (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերակատարումներով: Մարդկային հոգու խորքը թափանցելու նրա զարմանալի կարողությունն առավել արտահայտվել է Օթելլոյի անձնավորմամբ:
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Ներսիսյանն անձնավորել է Գևորգ Մարզպետունու (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»), Սաֆոնովի (Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ») և հայրենասիրական այլ կերպարներ: 1940–50-ական թվականների լավագույն դերերից են Անհայտը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիրը (Վ. Շեքսպիրի «Լիր արքա») և այլն: Նրա գլուխգործոցներից է Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից»:
Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Համբո («Գիքոր», 1934 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարով («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ., վերջին դերը կինոյում) և այլն: Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1941 թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին