Եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչու չի կարելի անել՝ պետք է հասկանալ, թե այդ մարդկանց հետ ինչ պետք է անել.Ավինյան
«Արգելանքի տակ գտնվող բենզալցակայանի մասով նախորդ նիստում քննարկում գնաց, որ Տեսչականը պետք է ինչ-որ բան աներ, բաց բանն այն է, որ նրա գործողությունների վրա նույնպես կար դատարանի կալանք»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արգելանքի տակ գտնվող բենզալցակայանի գործունեության վերսկսման դեպքին:
Նախորդ գործակարգավարական նիստում տեղեկացվեց, որ համապատասխան բենզալցակայանի գործողությունը քաղաքապետարանը դադարեցրել էր՝ բնակելի շենքերի մոտ գտնվելու պատճառով և քանդման ենթակա էր ճանաչել, սակայն հաջորդ օրը բենզալցակայանը շարունակել է գործել, քանի որ դատարանն արգելանք էր դրել արգելքի կիրառման վրա և հանձնարարվել էր Տեսչական մարմնի հետ աշխատել այդ գործունեությունը դադարեցնելու համար:
Ավինյանը հայտնեց, որ Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործողությունը նույնպես սահմանափակված է դատարանի որոշմամբ:
«Պետք է քննարկենք ու նորից հասկանանք, թե էս տեսակ հարցերն ինչպես լուծենք, որովհետև, իրականում բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ որ մի հարց փորձում ես լուծել, որը բխում է հանրային շահից և մենք անընդհատ հանդիպում ենք իրավական խոչընդոտների: Տեսեք, Երևանի քաղաքապետարանը, տեսչական մարմինը բոլորը նույն գծի, տարմաբանության մեջ են և մարդիկ ունենում են հնարավորություն իրենց բենզալցակայանը շարունակել աշխատացնել բնակելի շենքին կպած՝ դատարանի որոշմամբ: Սա ուղղակի անտրամաբանական է և, կարծում եմ՝ անընդունելի, որովհետև չի կարող նման բան լինել, երբ Երևանի քաղաքապետարանը ունի կոնկրետ ուղղություն, կոնկրետ ծրագրեր իրականացնելու և, որոնք, վստահաբար, հանրային շահից են բխում, Տեսչական մարմինն աջակցում է այս ծրագրերին, մենք միասին այն իրականացնում ենք, բայց մարդիկ հնարավորություն են ունենում կասեցնել մեր գործողությունները»,-հայտարարեց Ավինյանը:
Քաղաքապետն անդրադարձավ նաև դատարանների՝ քաղաքապետարանին քաղաքաշինական ճարտարապետական նախագծերի իրականացման պարտադրանքին, որոնք այգու տարածքում են:
«Անկեղծ ասած ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դատավորն այդ որոշումը կայացնում: Չեմ պատկերացնում, երբ «Տորք Անգեղի» այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն: Չեմ հասկանում, ինչ-որ մեկը պիտի ինձ բացատրի, թե ոնց է տենց լինում»,-հայտարարեց Ավինյանը և, ընդունելով, որ դատարանը այդ դեպքով հիմք է ընդունել Երևանի գլխավոր հատակագիծը, շարունակեց. «Եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչ-որ բաներ ինչու չի կարելի անել՝ պետք է հասկանալ, թե այդ մարդկանց հետ ինչ պետք է անել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան