Արմինե Ադիբեկյանի նկատմամբ զավեշտալի հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Մելիքյանի միջնորդությունը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ մեղադրանքի բովանդակության հետ կապված հարցեր ունեն, որ կհնչեցնեն հետագայում։
Նիստը նախագահող դատավոր Արամայիս Ասատրյանը հայտարարեց, որ մեղադրանքի բովանդակությունը համապատասխանում է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այն մեղադրողին վերադարձնելու համար որևէ հիմք չի արձանագրվել։
Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց. հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգքրի 12 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել քրեական վարույթը։
Նա մանրամասնեց՝ մեղադրանք է առաջադրվել 2022 թվականին, երկար ժամանակ չի արվել ոչինչ, «մեկ էլ հոպ, անհրաժեշտ պահի քրեական հետապնդում է հարուցվում»։ Մելիքյանը քրեական գործը համարում է զավեշտալի հիմքով։
«Ես դատավորի ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա, պաշտպանել մարդու իրավունքները։ Վերջին պահին քրեական հետապնդում է հայտարարվում, մի քանի օր անց այն ուղարկվում է դատարան։ Արդյո՞ք ընդունելի է այդ պրակտիկան»,-ասաց նա՝ նշելով, որ գործով ապացույցների հետազոտման խնդիր չկա, առաջարկեց մեղադրանքի առաջադրման մեկնարկը հաշվել 2023-ի հունվարից։
Նշենք, որ Քրեական դատավարության 12-րդ հոդվածը սահմանում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։ 12 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը սահմանում է.
«Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան»։
Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
- Արմինե Ադիբեկյանի դատը տեղի կունենա վաղը
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված քրգործն արդեն դատարանի վարույթում է
- Արմինե Ադիբեկյանի դեմ քրգործ են հարուցում մեկ տարի առաջ արված գրառման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին