Թուրքիայի առաջին տիեզերանավը լուսին կուղարկվի 2026-ին
Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBİKAT) թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի առաջիկա 10 տարվա ծրագրերի և նպատակների մասին:
Այդ 10 ծրագրերից առաջնայինը լուսնի հետազոտության ծրագիրն է, որը Թուրքիային թույլ կտա դառնալ լուսնի վրա ներկայություն ունեցող սակավաթիվ պետություններից մեկը, գրում է Էրմենիհաբերը։
Ինչպես բոլոր մնացած ծրագրերը, հիշյալ ծրագիրը ևս կիրականացվի Թուրքիայի տիեզերագնացության գործակալության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև երկրում գործող մի շարք ընկերությունների ներգրավմամբ կյանքի կոչված «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում:
Լուսնի հետազոտման նպատակով մեկնարկելիք ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «AYAP», նախատեսվում է նախ ուղեծրից իրականացնել լուսնի հետախուզում, ապա նոր կատարել առաջին վայրէջքը լուսնի վրա:
Թուրքիայի առաջին տիեզերանավի պատրաստման աշխատանքների ավարտը պլնավորվում է 2026-ին: Նույն տարվա ընթացքում կիրականացվի նաև թռիչքը դեպի լուսին: