Հռոմում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները
Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման նիստին ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Ադրբեջանի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։
Նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) հիմնական 4 ծրագրերից մեկի՝ Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգության «Առաջին օգնություն և կայունություն» (FAR) նախագծի շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանում վտանգված և սահմանային հուշարձանների թիվը։
Հստակ նախագծերի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
- Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- «Տատիկ-պապիկ» հուշարձանը՝ Ադրբեջանի դրոշով
- ՅՈւՆԵՍԿՕ-ի նիստում քննարկվել է Արցախի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան