Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է․ Նիկոլայ Ծատուրյան
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
«Հայաստանը մի քաղբանտարկյալով էլ «հարստացավ»` Գրիգորի Խաչատուրով, Մամիկոն Ասլանյան, Տաթևիկ Վիրաբյան, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, արցախցի երիտասարդներ և այլք ցանկը համալրվեց եւս մեկով: Մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ կարծիք ունեն այս իրադարձությունների մասին, այսպես կոչված, հայրենի մտավորականները՝ գրողներ, դերասաններ, երաժիշտներ, գիտնականներ, ռեժիսորներ եւ այլն: Մենք մի քանի հարց ուղղեցինք ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դասախոս Նիկոլայ Ծատուրյանին, ով հայտնի է իր իշխանամետ հայացքներով:
- Պարոն Ծատուրյան, ի՞նչ կարծիք ունեք ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց կալանավորելու հանգամանքի հետ կապված:
- Ոչ մի բանի չեմ հետևում, չգիտեմ, երկու բեմադրություն եմ անում ու ամբողջ օրը զբաղված եմ դրա ուղղությամբ: Ժամանակ չկա ուրիշ բաներով զբաղվելու:
- Այսինքն` ոչ մի բանի չե՞ք հետևում:
- Չէ, հիմա չեմ հետևում:
- Իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք:
- Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք:
- Այսինքն` Արցախի հետ գործ չունե՞ք:
- Ամեն ինչի հետ գործ չունեմ: Ես երկու բեմադրություն եմ անում, առավոտից երեկո փորձերի մեջ եմ:
- Իսկ եթե մի օր պատերազմը մեր դուռը թակի և հայրենիք չլինի, որտե՞ղ եք ձեր բեմադրություններն անելու:
- Լավ, վերջացավ, ցտեսություն»։