Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել
Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5 տոկոսով, և միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել, ուրբաթ օրը հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ): Այս մասին հայտնում են ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակից։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9 տոկոսով ցածր անցյալ տարվա արժեքից։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0 տոկոսով։ Ներմուծումների պասիվ գլոբալ պահանջարկի պայմաններում 2.0 տոկոսով նվազել են բրնձի և 1.9 տոկոսով՝ ցորենի միջազգային գները, ինչի վրա անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծաքանակ մատակարարումները և արտահանողների միջև ակտիվ մրցակցությունը: Սրան հակառակ, փոքր-ինչ բարձրացել են կերային մշակաբույսերի գնանշումները, որտեղ շարքը գլխավորում է եգիպտացորենը՝ Արգենտինայում առաջարկի նվազմամբ պայմանավորված։ ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ այս ամիս նվազել է 0.7 տոկոսով. արտադրության սեզոնային աճով և ներմուծման գլոբալ ցածր պահանջարկով պայմանավորված՝ արմավենու յուղի ցածր գները ավելի քան փոխհատուցել են սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի բարձր գները:
Սոյայի յուղի գներն աճել են կենսադիզելի ոլորտում մեծ պահանջարկի արդյունքում։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի անկումը 2.2 տոկոս է կազմել, որը 46.6 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ Հոկտեմբեր ամսվա գնիջեցումը գլխավորապես կապված է Բրազիլիայում արտադրության մեծ տեմպի հետ, չնայած առաջիկա տարվա համար համաշխարհային առաջարկի ակնկալվող նվազման հետ կապված մտահոգությունները, ևս, զսպող ազդեցություն են ունեցել գների անկման վրա։
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ցած է սահել 0.6 տոկոսով, քանի որ ներմուծումների պահանջարկի կրճատումը, մանավանդ Արևելյան Ասիայում, հանգեցրել է խոզի մսի միջազգային գների անկմանը, այդպիսով ավելի քան փոխհատուցելով թռչնամսի, տավարի և ոչխարի մսերի որոշակի բարձրացումը։
Ի տարբերություն վերոնշյալի, ՊԳԿ կաթնամթերքի ինդեքսը հոկտեմբերին 2.2 տոկոս աճ է գրանցել, ազդարարելով իննամսյա գնանկման ավարտը։ Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են հիմնականում կարճաժամկետ և երկարաժամկետ մատակարարումների պահանջարկի կտրուկ ավելացման, ինչպես նաև Օվկիանիայի երկրներում կաթի առաջիկա արտադրության վրա Էլ Նինյո բնական երևույթի եղանակային պայմանների ազդեցության հետ կապված անորոշությունների հետևանքով։