Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է.Թադևոս Ավետիսյան
Արցախից բռնագաղթած 104 հազարից ավել մեր հայրենակիցների խնդրի առկայության պայմաններում ՀՀ գործադիր մարմնի ներկայացրած 2024 թ. պետական բյուջեի սոցիալական բաղադրիչներով ի՞նչ է նխատեսված: Բյուջեն սոցիալական ծրագրերի դիտանկյունից վերլուծելու նպատակով Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին:
Թ. Ավետիսյան-Հայաստանի պետական բյուջեի 2024 թ. նախագծում սոցիալական վճարումների՝ նպաստների կենսաթոշակների,նվազագույն աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական ծառայողների աշխատավարձերի բազային չափի բարձրացում չի նախատեսվում, ինչը ոչ միայն խնդրահարույց է առկա գնաճի պայմաններում, որի տեմպերը փոքր ինչ նվազել են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր գնաճային ֆոն նախորդ կարճաժամկետում ենք ունեցել:
Բյուջեն խնդրահարույց է նաև այս իշխանությունների տված խոստումների իմաստով, որովհետև իրականում միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր լինելու խոստում է հնչեցվել, իսկ այսօր միջին կենսաթոշակը գրեթե երկու անգամ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ խոստման ավարտին, փաստորեն, 2024 թ.-ից հետո մնում է ընդամենը մեկ տարի իրականացնելու, ինչն անիրական է և այդ չափով բարձրացումները՝ անհնարին:
Panorama.am-Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրներն արծարծվա՞ծ են բյուջեի նախագծում:
Թ. Ավետիսյան-Իրականում որևէ առանձնահատուկ և առարկայորեն անհրաժեշտ միջոցառումներ նախատեսված չեն: Համաձայն իրենց հայտարարությունների՝ ընդամենը նախատեսում են, որ արցախցիները կարող են օգտվել այն եղած ծրագրերից, ինչը որ կա ՀՀ-ում՝ սոցիալական ասպեկտով նախատեսած, բայց օբյեկտիվ անհրաժեշտությունը պահանջում է, որ լիներ առանձնահատուկ մոտեցում, որովհետև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները՝ սոցիալական, հումանիտար և հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում էապես տարբերվում են ՀՀ-ում բնակվող քաղաքացիների խնդիրներից և այն ոչ միայն ակնհայտ է, այլ նաև իրականում փաստարկվում է նաև առանձին իրողություններով:
Հիմա ունենք էն, ինչ ունենք, այսինքը՝ համահարթ մոտեցման սկզբունքն է, բայց նույնիսկ այս դեպքում պահանջում են, որ Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակի և մնացած այլ ծրագրերից կարող են օգտվել ՀՀ-ի քաղաքացիություն ստանալուց հետո: Սա է իրողությունը: Իր բնակարանը կորցրած, կյանքի ապրուստը, կայուն եկամուտը և իր նյութական ապահովությունն ամբողջությամբ կորցրած մարդուն, ընտանիքին առաջարկել սովորական աջակցության սոցիալական ծրագրերում ընդգրկելու հնարավորություն՝ մեղամ ասած համարժեք չէ առկա խնդիրենրին:
Panorama.am-2024 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր ընդհանրական գնահատականն ինչպիսի՞ն է:
Թ. Ավետիսյան-Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է, որովհետև արդեն պարզ է, որ բարձր տնտեսական աճի ֆոն չենք ունենալու, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին պատահական գործոնն արդեն իսկ այս տարի թուլացել է և հետևանքը տեսնում ենք տնտեսական աճի նվազմամբ: Հաջորդ տարի առավել է թուլանալու՝ գուցե մինչև 0-անալը և էական դժվարություններ ենք ունենալու նույնիսկ նախատեսված տնտեսական աճն և բյուջեի եկամուտներ ապահովելու հարցում: 7% տնտեսական աճի հիմքը, որ դրված է հաջորդ տարվա պետական բյուջեում, մեղմ ասած և ակնհայտորեն անիրատեսական է և հետևաբար իրենք էլ լավ գիտեն, որ դրա հետ կապված այն հիմքերը, որոնք գրել են թղթի վրա, հնարավոր չի լինելու ապահովել, կամ եթե ապահովեն, ապա տնտեսությունը, պատկերավոր ասած, քերթելու հիմքով: Այդ պատճառով էլ ծախսային մասով էապես ձեռնպահ են մնացել և վախվորած ծախսային ուղղությունների մոտեցում է որդեգրված:
Ինչ վերաբերում է ընդհանուր մակրոտնտեսակն կայունությանը, ապա այստեղ էլ պետք է նկատել, որ իրականում պետական պարտքը ավելացնում են: Նաև հաջորդ տարի նախատեսված է պետական պարտքի ավելացում՝ նաև արտաքին աղբյուրներից, որպես արտաքին պետական պարտք: Այդ պայմաններում ծախսի հիմնական ուղղությունները կապիտալ ծախսերն են: Այստեղ էլ խնդրահարույց է այն պարզ հանգամանքը, որ գնում պարտքը վերցնում են, այն փաստացի ավելացնում և նպատակ հռչակում, թե պետք է կապիտալ ծախսեր իրականացնեն՝ ենթակառուցվածքների վրա, պաշտպանական, անվտանգային ուղղություններում, բայց այստեղ էլ ակնհայտորեն թերակատարում են: Սա էական և լուրջ խնդիր է ընդհանուր, երկարաժամկետ զարգացման առումով: Փաստ է, որ այս տարվա արդեն 9 ամիսներն արդեն անցել են, ամփոփումը կա, իսկ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարված են և սա այս իշխանության գործունեության հետևողական արդյունքն է կապիտալ ծախսերի առումով, այսինքը՝ բյուջեի նախագծում գլուխ են գովում, որ էապես ավելացնում են կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ, հետո թերակատարում են ու սղացնում, անցնում առաջ:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ. Թաթուլ Մանասերյան
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- 2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան