«Ժողովուրդ». Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անխախտ գործում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, և չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, և ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:
«Ժողովուրդ» օրաթերթին ավելի ուշ տեղեկություններ հասան, որ Կատվալյանը ոչ միայն այս թեմաներին է առնչվում, այլ նաև խնամի-ծանոթ-բարեկամ «շարժմանն» է հարում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կատվալյանը «տեղավորել է» քաղաքապետարանում իր կնոջը՝ Շուշանիկ Ղևոնդյանին՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը անմիջապես ճշտեց Սաշա Կատվալյանից. «Կինս աշխատում է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունում՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցի փոխարեն: Եթե իմ միջամտությունը լիներ նրա՝ աշխատանքի տեղավորվելու հարցում, հավատացնում եմ՝ առաջին կարգի մասնագետ չէր լինի, ավելի բարձր պաշտոնի կլիներ: Այստեղ կոռուպցիոն ոչինչ չկա, բոլորն էլ աշխատելու իրավունք ունեն: Եվ հավելեմ, որ կինս քաղաքապետարանում սկսել է աշխատել ավելի վաղ, քան ես, այսինքն՝ ես չեմ դարձել խորհրդական, իրեն էլ իմ հետ տարել: Նման բան չկա»:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած մեկ այլ տեղեկության՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արման Բարխուդարյանի կինը ևս աշխատում է թաղապետարանում՝ եկամուտների հավաքագրման բաժնում. նա ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս ևս աշխատանքի է անցել Սաշա Կատվալյանի պաշտոնավարման ընթացքում: Սաշա Կատվալյանը մեզ հավաստիացրեց, որ մրցույթներ պարբերաբար հայտարարվում են, և ցանկացած անձ կարող է մասնակցել այդ մրցույթներին, քննություններին: Կարճ ասած, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անխախտ գործում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում