Չկա ապահովության զգացում. Ժողովրդագիրը՝ արտագաղթի պատճառների մասին
2007-2021 թվականների ընթացքում «Գրին քարտի» խաղարկությանը տարածաշրջանի երկրներից ավելի շատ դիմել են հայաստանցիները։ Panorama.am-ը խնդրի քաղաքացիների արտագաղթի, արտահոսքի պատճառների մասին մեկնաբանություն խնդրեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
«Չեմ կարծում, որ հայաստանցիները երկրից ավելի շատ են գնում, քան մյուսները, բայց եթե այդպես է, ուրեմն դա պայմանավորված է ավանդույթային համակարգով, քանի որ մեզ մոտ այդ երևույթը սկսել էր սովետական ժամանակաշրջանում, հետո շարունակվեց 90-ականներին, երբ վիճակը շատ վատ էր»,-ասաց մասնագետը։
Նրա խոսքով, պատճառների թվում է երկրում ստեղծված «ոչ փայլուն իրավիճակը», նաև այն, որ հայաստանցիները դրսում ունեն բարեկամներ, ընկերներ, ծանոթներ։
«Չեմ կարծում, որ արտահոսքը հիմա ավելի սուր է արտահայտված, քան երկու տարի առաջ։ Իսկ հետևանքն այն է, որ տեղի են ունենում բնակչության թվի նվազում, սեռատարիքային կազմի փոփոխություններ, որոնք էլ իրենց հերթին ամեն ինչից զատ ազդում են ժողովրդագրական-վերարտադրական գործընթացների վրա»,-նշեց նա։
Երկրում ստեղծված անորոշ իրավիճակում ժողովրդագիրը նոր հետազոտություն չի անցկացրել, չունի տվյալներ, թե ինչպես է պատերազմն ազդել արտահոսքի տեմպի վրա։
«Իհարկե, պատերազմն ունեցել է ազդեցություն, բայց կան նաև այլ գործոններ՝ աշխարհքաղաքական իրողությունները, որոնք ունենում են իրենց բազմաբնույթ հետևանքները՝ թե դրական, թե բացասական։ Պետք է հետազոտություն՝ հասկանալու նոր միտումները։ Այնքան արագ են երևույթները փոխվում, իրավիճակը հնանում, որ հետազոտության համար պետք է բավական ժամանակ, որպեսզի հնարավոր լինի միտումեր գնահատել»,-ասաց նա։
Արտագաղթի կանխման, միտումը նվազեցնելուն ուղղված առաջին քայլերը մասնագետը համարում է տնտեսական զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, եկամուտների աճը, աշխարհքաղաքական դրության հստակեցումը, ապահովության զգացումը։
«Այսօրվա դրությամբ մեր ամենաթույլ տեղն այդ է, չկա ապահովության զգացողությունը, և հստակություն այն հարցում, թե ո՞վ ենք մենք, ի՞նչ եղավ մեզ հետո, ինչո՞ւ եղավ։ Մեզ հետ կատարվեց մի բան, որը միգուցե պետք էր սպասել, կարելի էր սպասել, բայց որին մենք չէինք սպասում, ու բերեց այս բոլորին, ինչ ունենք։ Այսօրվա վիճակում չգիտենք՝ ո՞վ է ընդդիմությունը, ո՞վ՝ իշխանությունը, ի՞նչ է ուզում ընդդիմությունը, ի՞նչ է ուզում ընդդիմությունը... Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ստանալու համար այլ մասնագետների հետազոտությունների կարիք կա»,-ասաց Ռուբեն Եգանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը «Գրին քարտի» դիմողների թվով մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին
- Երբեք. Քաղաքացիները՝ արտագաղթելու մասին
- Տիգրան Աբրահամյան. Սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու