Բրազիլիայում փորձել են առևանգել Նեյմարի նորածին դստերը
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում կողոպտիչները փորձել են առևանգել Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ»-ի ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհուն և նորածին դստերը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «O Globo»-ին։
Ըստ աղբյուրի՝ տեղական ժամանակով ժամը 3-ի սահմաններում երեք հանցագործներ ներխուժել են Նեյմարի ընկերուհու մոր տուն, փակել նրա և ամուսնու բերանն ու սպառնացել զենքով։
Նշվում է, որ կողոպտիչներից մեկը նույն թաղամասի 19-ամյա մի բնակիչ է: Ավելի ուշ նա ձերբակալվել է։ Կողոպտիչները վերցրել են մոտ 120 հազար դոլար ընդհանուր արժողությամբ զարդեր, ժամացույցներ և դիզայներական պայուսակներ, ինչպես նաև հարցրել են Նեյմարի ընկերուհու և նրանց նորածին դստեր գտնվելու վայրի մասին:
«Նրանք պատանդ են պահել Բրունայի մորը, հարցրել են՝ որտեղ է դուստրը, որտեղ է երեխան։ Ես հասկանում եմ, որ նրանք հարցնում էին այդ մասին, որպեսզի իմանան, թե որտեղ են զարդերը: Նրանք խնդրել են կնոջը ցույց տալ, թե որտեղ են գտնվում թանկարժեք իրերը։ Կինն ասել է , որ չհկիզվող պահարանը դատարկ է, փող չկա։ Նրանցից մեկը հարցրել է. «Ինչ է նշանակում, որ Նեյմարի զոքանչը տանը փող չունի»։ Կինը պատասխանել է` «Ինչպես դուք ասացիք, ես զոքանչն եմ, ոչ թե Նեյմարը», - ասել է հետաքննության համար պատասխանատու խմբի ներկայացուցիչը։
Ավելի ուշ Նեյմարը և Բիանկարդին Instagram-ում գրել են, որ իրենց և նորածին աղջկա հետ ամեն ինչ կարգին է:
Նրանց դուստրը ծնվել է հոկտեմբերի 7-ին։ Ֆուտբոլիստն ունի նաև մեկ տղա նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։