Դավիթ Սարգսյան. Հայցվոր կողմը՝ Տիգրան Ավինյանը հայտնվել է ցայտնոտի մեջ
«Կարծում եմ հայցվոր կողմն ակնհայտորեն հայտնվել է ցայտնոտի մեջ»,-դատական նիստի ավարտից հետո 168.am-ի հետ զրույցում հայտնել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
Նրա խոսքով, հայցվոր Տիգրան Ավինյանն ունի երկու ընտրություն, երկուսն էլ նրա համար վատն են։
«Առաջինը՝ շարունակել քաղաքացիական դատավարության այս ֆարսը։ Մենք պարզաբանող հարցեր տվեցինք հայցվորի ներկայացուցչին, հայցվորը երբեք չի բարեհաճում ժամանել դատական նիստերի դահլիճ։ Ներկայացուցիչն ընդունեց, որ հայտարարությունների փաստական հենքն անխոցելի է։ Բայց խնդիր էր տեսնում դրանց հիման վրա արված գնահատողական դատողությունների մասով։ Երբ փակուղային իրավիճակում հայտնվեցին, որոշեցին փոփոխել դատական հայցը։ Իրենք ձևակերպեցին իբր հայցաահանջի հստակեցում, բայց իրականում իրենք նոր հայցապահանջ են ներկայացրել, իսկ վաղեմության ժամկետը վաղուց լրացել է։ Նոր հայց է ներկայացվել տասն ամիս առաջ հրապարակված տեսանյութի առիթով»,-ասաց լրագրողը՝ ավելացնելով, որ նոր հայցի հիմքում դրված դատողությունները շատ ծիծաղելի են։
Նրա փոխանցմամբ, նախկին հայցապահանջում վիրավորական էին համարել «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը նշանակվում է փոխվարչապետ ու մի քանի օր անց հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում» արտահայտությունը, իսկ փոփոխված հայցապահանջում ««բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը» արտահայտությունը։
«Ինձ թվում էր հակառակը պետք է լիներ՝ վիրավորական համարեին «մի քանի օր անց հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում» արտահայտությունը։ Իսկ «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը» բնավ վիրավորական չէ, քանի որ մինչ աս պահը մեր հանրությունը չգիտի, թե հիմա էլ Երևանի քաղաքապետի պաշտոն զբաղեցնող Տիգրան Ավինյանը ինչ հանգամանքներում է ազատվել բանակից։ Մենք ունենք ենթադրություններ, դատողություններ, բայց «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը» արտահայտությունը համարել զրպարտչական, վիրավորական, դրա համար շատ մեծ երևակայություն է պետք ունենալ»,-նշեց Դավիթ Սարգսյանը։
Նա նկատեց՝ երկրորդ քայլը հայցի հետ վերցնել է, դրանով հայցվորը ցույց կտա, որ ի սկզբանե սխալ էր այս ամենի մեջ ներքաշվելը։
«Ես և իմ լրատվամիջոցը՝ 168.am-ը օգտվել ենք փաստեր հավաքելու ու գնահատողական դատողություններ անելու մեր սահմանադրական իրավունքից, որը երաշխավորված է ՄԻԵԴ-ի կողմից։ Դրանից որևէ մեկը մեզ չի կարող զրկել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սարգսյան. Պայքարը շարունակվում է
- Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը
- Դավիթ Սարգսյան. Ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշում է իրականացվում