Պատրուշև. Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորում հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության
«Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը»,-հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
ԱՊՀ անդամ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։
«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նա։
Ռուսաստանի ԱԽ քարտուղարի խոսքով, դրա համար Ռուսաստանը հետևողական կերպով քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում նոյեմբերի 8-ին Մոսկվայում մեկնարկած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։