Հիմա հույսները դրել են նրա վրա, որ իբր Արևմուտքը մեզ կօգնի.Արամ Սարգսյան
«Մենք այսօր մեկուսացված ենք, քանի որ չունենք այն բարեկամ պետությունները, որոնք կուզենայինք, որ մեզ աջակից լինեին: Հիմա հույսները դրել են նրա վրա, որ իբր Արևմուտքը մեզ կօգնի»,-Նախագահի նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը միշտ օգնել է և բոլորը տեսել են դրա արդյունքներն այլ երկրներում, նաև՝ թե այն ինչի է բերում:
Սարգսյանը հռետորական հարց տվեց, թե ինպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի մի երկիր, երբ պարզ չէ, թե նրա ԱԳ նախարարը ո՞ր լեզվով է խոսում և հիշատակեց ԱԺ-ում «պիպետկայի» մասին Արարատ Միրզոյանի արտահայտությունը:
Արամ Սարգսյանը հայտնեց, որ ավելորդ է համարում խոսել ԱԺ նախագահի և Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մասին:
«Այս ամենը գալիս է ասելու, որ մենք ունենք այնպիսի ղեկավարություն, որոնց հետ դժվար թե լուրջ խոսակցություն վարի իրեն հարգող պետության ղեկավարը»,-հայտարարեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը:
Նա հավաքվածներին տեղեկացրեց, որ հարցադրումներ էին պատրաստել հրապարակայնորեն Նիկոլ Փաշինյանին ուղղելու համար, քայց քանի որ նա տեղում չէ, այդ ակցիան հետաձգում են և անցկացման մասին լրացուցիչ կհայտարարեն: