Կվերաբացվի Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը
Նոյեմբերի 14-ին կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը:
Այն հիմնադրվել է Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թվականին, նկարչի կնոջ՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ:
Հայաստանի Ազգային պատկերասրահից հայտնում են, որ այս տարի հիմնանորոգված թանգարանում նոր ու արդիականացված մշտական ցուցադրությունը համապարփակ կերպով ներկայացնում է վրացահայ նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հարուստ ժառանգությունը: Երբևէ չցուցադրված գեղանկարչական աշխատանքների կողքին առաջին անգամ ցուցադրվում են նաև Ջոտտոյի գրաֆիկական գործերը: Արվեստանոց-թանգարանի առանձին սրահ նվիրված է նկարչի կնոջն ու հավերժական մուսա Դիանա Ուկլեբայի արվեստին:
Թանգարանի երկրորդ հարկում զուգահեռաբար բացվում է «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետ ամուսինների՝ նկարիչ Տիգրան Եսայանի և գրող, հասարակական գործիչ Զաբել Եսայանի կյանքին ու գործունեությանը:
Տիգրան Եսայանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է կնոջ՝ Զաբել Եսայանի ջանքերով 1935 թ. Հայաստանի պետական թանգարանում: Զ. Եսայանը նվիրաբերել է ամուսնու մեծաթիվ աշխատանքներ՝ համալրելով թանգարանի նվիրատուների շարքերը:
Արվեստագետ ամուսինների համատեղ ցուցահանդեսը երկու առանձին անհատականություններին բացահայտում է նոր լույսի ներքո: Առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվում է նրանց ժառանգությունը՝ լուսանկարչական արխիվ, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր: