Տիգրան Համասյանը համաշխարհային շրջագայության ընթացքում երեք համերգ կունենա Հայաստանում
Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության ընթացքում համերգներով հանդես կգա Երևանում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:
Նոյեմբերի 20-ին «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):
Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:
Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն, որի կազմում են դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենը և թմբկահար Նեյթ Վուդը, հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:
«ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում. նոյեմբերի 21-ին Ռիք Ռոզատո (կոնտրաբաս) և Ջոնաթան Փինսոն (հարվածայիններ), նոյեմբերի 23-ին Էվըն Մարիեն (բաս) և Նեյթ Վուդ (հարվածայիններ):
Նախագծի փակմանը ելույթ կունենա վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդը՝ իր հատուկ ծրագրով: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, «Hard Rock Cafe Yerevan»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին