Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում
Արտաքին խաղացողների ռազմական ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և խաթարում անվտանգությունը տարածաշրջանի ներսում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ի պատասխան G7-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ օր առաջ հրապարակված հայտարարության։
«Պատմական տվյալներն ու այժմ տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանում արտաքին խաղացողների ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող և նրա անվտանգությանը սպառնալիք ստեղծող կարևորագույն գործոններից մեկն էր»,- ասել է նա։
Քանանիի խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել Մերձավոր Արևելքում կայուն և անվտանգ իրադրության պահպանմանը:
«Գազայի հատվածում ներկայիս ճգնաժամի սկսվելուց ի վեր Իրանը մշտապես ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մենք ձգտում ենք անկլավի անպաշտպան խաղաղ բնակիչներին պաշտպանել իսրայելական ագրեսիայից», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև մեկ անգամ ևս հերքել է G7-ի երկրների մեղադրանքներն այն մասին, որ Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմավորմանը, և այդ թեմայով հայտարարություններն անվանել է «կեղծ և անհեթեթ»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ «Իրանում ակնկալում էին՝ G7-ի երկրների ԱԳ նախարարները Տոկիոյում կայանալիք հանդիպմանը կկատարեն իրենց պարտավորությունները և կդատապարտեն Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և խախտում են Գազայում մարդու իրավունքները»: Սակայն, ինչպես նշել է նա, դա այդպես էլ տեղի չունեցավ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան