Արցախի «Ծիլը» շարունակում է հեքիաթները ներկայացնել արցախյան բարբառով
Արցախի «Ծիլ» մանկական տիկնիկային ստուդիան, որը ստեղծվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, այժմ սկսում է իր գործունեությունը Հայաստանում։ Ինչպես Արցախում, այստեղ ևս ստուդիայի հիմնական նպատակն է՝ հեքիաթ պարգևել արցախցի երեխաներին արցախյան բարբառով։
Սեպտեմբերի 19-ին թշնամու հարձակումից հետո, երբ Արցախի գրեթե բոլոր շրջաններից մարդիկ հավաքվել էին Ստեփանակերտում, շատերը հենց Ստեփանակերտի հրապարակում, «Ծիլ» մանկական տիկնիկային ստուդիան շարունակում էր երեխաներին հեքիաթ պարգևել՝ փորձելով նրանց այլ իրականություն տեղափոխել, իրականություն, որտեղ չկա զոհ, լաց, հայրենիքի կորուստ ու անորոշություն։
«Պատերազմի ողջ ընթացքում ու դրանից հետո մենք ներկայացումներ էինք անում։ Դրա համար ես ամենավերջին օրը դուրս եկա Ստեփանակերտից։ Շատ արցախցիների հետ միասին ավտոբուսներով եկանք Հայաստան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր-ղեկավար Արմեն Գաբրիելյանը։
Նա պատմում է, որ Երևանում արդեն ստուդիա ունեն, զրոյից սկսում են տիկնիկներ պատրաստել, միաժամանակ ակտիվ գործունեություն են ծավալելու մարզերում։
«Գնալու ենք այնտեղ, որտեղ արցախցի փոքրիկներ կան։ Արցախում սկսած մեր գործը շարունակելու ենք այստեղ. պահպանել Արցախի բարբառն ու տիկնիկաթերապիայի միջոցով մեր փոքրիկներին հետպատերազմյան վիճակից դուրս հանենք։ Մենք 44-օրյա պատերազմից հետո ենք ստեղծվել ու գիտենք՝ արցախցի փոքրիկներն ինչ է պետք»,- ասում է Ա. Գաբրիելյանը։
Ստուդիայի ոչ բոլոր անդամներն են Երևանում բնակություն հաստատել։ «Նրանք, ովքեր Երևանում ենք, համախմբվել ենք, փորձում ենք մեր կարևոր գործը շարունակել։ Մենք Արցախում պրեմիերա պետք է ունենայինք, սակայն... Եկավ սեպտեմբերի 19-ը։
Ուսուցողական ներկայացում է Կոմիտաս վարդապետի մասին։ Պրեմիերան կանենք Երևանում։ Տիկնիկն արդեն ունենք։ Մենք մեր ներկայացումներն անում ենք արցախյան բարբառով, սակայն միայն այս ներկայացումը կլինի գրական հայերեն։ Պրեմիերայից հետո կշրջենք մարզերում։ Այս գործում մեզ աջակցելու է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը»,- նշում է ստուդիայի տնօրենը։
«Ծիլ» տիկնիկային ստուդիայի ներկայացումները ինտերակտիվ են, բեմադրությունների մեծ մասը Հովհաննես Թումանյանի գործեր են։
Արման Գաբրիելյանը եղել է Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասան։ Հնարավոր է նրան տեսնենք Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում։
Ա. Գաբրիելյանի նաև ֆոտոլրագրող է։ Նա հասցրել է լուսանկարել իրենց հայրենիքը, հողն ու տունը լքող արցախցիների. արցունքոտ աչքեր, անհույս հայացքներ։
«Ես այդ մարդկանց նկարել եմ ներկայացումների ժամանակ հիմնականում Ստեփանակերտի հրապարակում. մի կողմում ներկայացում դիտող երեխաներն էին՝ ուրախ ու ժպտացող հայացքներով, մյուս կողմում այդ իրականությունն էր»,- ասում է Ա. Գաբրիելյանը։
Իրականություն, որը հարյուր հազարից ավելի արցախցիներ կցանկանային երազ լիներ, երազ, որը երբեք իրականություն չդառնար։
Լուսանկարները՝ Ա. Գաբրիելյանի և Ստեփանակերտի «Ծիլ» մանկական տիկնիկային ստուդիայի ֆեյսբուքյան էջերից։
Հարակից հրապարակումներ`
- «Ծիլը» դեռ Արցախում է...
- Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ» տիկնիկային ստուդիան շրջում է տարբեր վայրերում և երեխաներին հեքիաթ պարգևում
- Ստեփանակերտի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի երեխաները հեռավար ծանոթացել են Երևանի Տիկնիկային թատրոնում ցուցադրվող տիկնիկային արվեստի նմուշներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան