Տեղեկություն ունենք, որ շատ մեծ գումարներ են ծախսում, պատրաստվում են աննախադեպ խրախճանքի․ Գառնիկ Դանիելյան
«Ո՛չ սեպտեմբերի 27-ին, ո՛չ դրանից առաջ չայցելեցին Եռաբլուր, տևական ժամանակ է իրենց միսիան համարում են ավարտված։ Էն ժամանակ պետք էր գալը, ծնկի իջնելը՝ ցույց տալով իբրև հարգում են, թեև այս հրեշավոր զոհերի մեղավորն են»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այժմ իշխանությունները զբաղված են նախատոնական արարողություններով:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես են զարդարում փողոցները, ինչպես են նախապատրաստվում տոներին: Նրանք փորձում են արդեն մոռացության մատնել այն, ինչ կատարվել է մեր ժողովրդի, մեր ազգի հետ, Արցախի հետ: Պատրաստվում են տոնախմբությունների։ Սա է իրենց մարտավարությունը: Շատ մեծ գումարներ ծախսելով պատրաստվում են աննախադեպ խրախճանքի: Մեր տեղեկատվությամբ, շատ մեծ աշխտանք են տանում այդ ուղղությամբ: Փորձում են մարդկանց վիշտը, ողբերգությունը կոծկելով գցել թյուրիմացության մեջ»,- ասաց պատգամավորը։