«Փաստ». Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է
«Փաստ» թերթը գրում է.
«Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին:
Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով: Մինչ Եվրոպական խորհրդարանն ինքնամոռաց ծափ էր տալիս «իրենց սրտի» Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում շարունակում էր ավելանալ քաղաքական բանտարկյալների թիվը: Վերջին շաբաթվա ընթացքում կոնկրետ բանտարկվածների թիվը մի փոքր նվազեց:
«Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխեցին և որդեկորույս, առողջական խնդիրներ ունեցող մարդուն «տնային կալանք» տվեցին: Ինչպիսի՜ «մեծահոգություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանը, բանտից ազատ արձակվեց օրենքի ուժով: Տաթև Վիրաբյանի մասին թեպետ փաստաբանը հայտարարել է, որ օրերս նա էլ բանտից կազատվի, բայց որքան հայտնի է, դեռ բանտում է, իբրև թե՝ «բռնության կոչեր» անելու մեղադրանքով:
Նախօրեին, ի դեպ, կալանավորների շարքերը համալրեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը... մի 5 ամիս առաջ, ֆեյսբուքներում արած ինչ-որ գրառման համար: Ու այս և մի քանի անգամ ավելի՝ չնշված «գործերով» գլխավոր դատախազն, ըստ էության, կատարել է այն գործառույթը, ինչի համար էլ նշանակվել է՝ սպասարկել իրեն նշանակող Փաշինյանի շահերը, կատարել նրա երազանքը՝ պատժել ընդդիմադիրներին կամ նրանց, ովքեր իշխանության «թանին թթու կասեն»:
Ըստ այդմ, կալանքը դարձել է պատժի միջոց: Եթե ինչ-որ մեկը կհավատա, թե առանց «վերևից» հրահանգի են նման արհեստական վարույթներ նախաձեռնվում, ապօրինաբար անազատության մեջ պահում մարդկանց, առնվազն միամտություն է: Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է, ու հազիվ թե դրանից հաճույք են ստանում... Բայց կատարում են, սիրով, թե ոչ, այլ հարց է, բայց կատարում են ջերմեռանդությամբ: Ի դեպ, մատով Նիկոլ Փաշինյանին ցույց տալը, թե՝ այ, իր հրահանգն է, մենք ինչ անենք, հազիվ թե օգնի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ցույց է տալիս, որ ինքը երբեք մեղավոր «չի լինում»... Բոլորը՝ բացի իրենից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում