Արդյո՞ք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր
Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն», «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ» և այլն)։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝
• չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը,
• ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։
Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։
Հանձնաժողովից հիշեցնում են, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:
Հիշյալ իրավախախտումները նախատեսված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով։