Սամբոյի աշխարհի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Սամբոյի 2023թ. աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Եգիպտոսում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ,այդ երկրի ազգային ֆեդերացիան սակայն, որոշ հանգամանքների պատճառով, հետ է վերցրել իր հայտը։ Արդյունքում FIAS-ի գործկոմի անդամները ընդունել են Հայաստանի թեկնածությունը։ Այս հարցում հաշվի է առնվել անցած հոկտեմբերին Երևանում կայացած մարզաձևի աշխարհի երիտասարդական առաջնության հաջող կազմակերպումը:
Հայոց մայրաքաղաքում վաղը՝ նոյեմբերի 10-ին, կմեկնարկի FIAS-ի օրացույցի գլխավոր մրցաշարը՝ աշխարհի հերթական առաջնությունը: Մրցագորգ կելնեն մոլորակի ուժեղագույն սամբիստները, որոնք պայքարի կբռնվեն խաղարկվելիք մեդալների համար:Մրցաշարին կմասնակցեն 65 երկրների թիմեր:
Կասկածից վեր է, որ մրցումները կանցնեն հետաքրքիր, դիտարժան պայքարում: Միջոցառումն առանձնահատուկ է նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում սամբոն նշում է իր 85-ամյակը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր ասպարեզի մրցագորգերի վրա իրենց վարպետությունը կցուցադրեն երկսեռ հեղինակավոր վարպետները: Նրանք կներկայացնեն 21 քաշային կարգեր:
Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով. դասական սամբո՝ 58 կգ` Տիգրան Կիրակոսյան, 64 կգ` Նարեկ Դալլաքյան , 71 կգ` Արամ Աղաջանյան, 79 կգ` Բորիս Շատվերյան, 88 կգ` Վահագն Չալյան, 98 կգ` Արսեն Խանջյան, գերծանր քաշային կարգ` Հակոբ Առաքելյան:
Մարտական սամբո. 58 կգ` Մխիթար Մխիթարյան, 64 կգ` Վահրամ Գրիգորյան,71 կգ` Վաչիկ Վարդանյան, 79 կգ` Սարգիս Վարդանյան, 88 կգ` Ավետիք Պողոսյան, 98 կգ` Արման Ավանիսյան:
Կանայք. 50 կգ` Արփինե Մնացականյան, 54 կգ` Վարսիկ Գրիգորյան, 59 կգ` Մելինե Մամիկոնյան, 72 կգ` Մարինա Մարտիրոսյան, 80 կգ` Նելլի Ավետիսյան, գերծանր քաշային կարգ` Աննա Մկրտչյան:
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 12-ին: