Նաև «Սև ուրբաթի» օրը 35 տնտեսվարողի նկատմամբ վարույթներ են հարուցվել և100 մլն դրամի չափով տուգանվել. Տիգրան Մարկոսյան
«Փորձով է ապացուցված, որ մենք զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ գինը չէր համապատասխանում իրականությանը, որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում, շատ դեպքերում գները բարձրացնելով իրազեկման տեսանկյունից մոլորեցման դրսևորումներ կային»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Նա ասաց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հայտարարվում էր կարճաժամկետ զեղչեր, բայց դրանք տևում էին տարիներ:
Մարկոսյանի ներկայացմամբ՝ արձանագրվել էին դեպքեր, երբ տնտեսվարողը որոշ ապրանքների վաճառքը խթանելու համար առաջարկում էր նվերներ, բայց վերջինիս գինն արդեն ներառված էր վաճառվող ապրանքի գնում:
Հանձնաժողովի անդամը տեղեկացրեց, որ նման խնդիրները բացառելու համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում Հանձնաժողովը փոփոխություններ նախաձեռնեց, 2022 թվկանի հուլիսից այն ուժի մեջ մտավ և հաջորդ տարվա «Սև ուրբաթի» օրը լիարժեքորեն կիրառվեց:
Նա հայտնեց, որ օրենսդրական կարգավորմամբ զեղչը հաշվարկվում է տվյալ ապրանքի նախորդ մեկ ամսվա միջին գնից և այն երեք ամսից ավել չի կարող տևել:
Մյուս կարգավորմամբ, ըստ Մարկոսյանի, տնտեսվարողն իր հայտարարած զեղչի առավելագույն տոկոսով պետք է իր վաճառած ապրանքի առնվազն 20%-ը վաճառի, այլ ոչ թե միայն մեկ ապրանք:
Հանձնաժողովի անդամը հայտնեց, որ օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի նախորդ տարվա հասույթի 5%-ի չափով. որը որոշ դեպքերում մեծ գումար է կազմում:
«Մենք մեծ ծավալի միջոցառումներ ենք իրականացրել՝ ավելի քան 80 ակցիաներ ենք դիտարկել, որոնց շրջանակում 35 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթներ են հարուցվել և հանձնաժողովը կիրատել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-հայտնեց Մարկոսյանը և տեղեկացրեց, որ դրանք եղել են նախորդ Աանօրին և «Սև ուրբաթի» օրը, իսկ տուգանված տնտեսվարողներից շատերը հայտնել են, որ տեղյակ չեն եղել օրենքից և խնդրել են արագացված վարույթ իրականացնել՝ ընդունելով մեղքը:
Նա հայտարարեց, որ Հանձնաժողովը դիտարկելու է նաև առաջիկա «Սև ուրբաթի» զեղչերը:
Հարակից հրապարակումներ`
- Զեղչերն իրական են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ուսումնասիրություն է անցկացրել
- Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ
- Զեղչի դեպքում ո՞ր գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը