Փաշինյանը և Մակրոնը շեշտել են Գրանադայի քառակողմ հայտարարության սկզբունքների կարևորությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Փարիզ է մեկնել կնոջ հետ
- Միրզոյանը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովին
- Մակրոն. ֆրանսիական ընկերությունները պատրաստ են մասնակցել Տրանսկասպյան երթուղու զարգացմանը