Հայկ Մամիջանյան. Քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին կանչել են քննչական կոմիտե հարցաքննության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:
Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, ինչպես և անում է, մինչև Երևանը փոխի. «Այսինքն, Արցախը դիմանա, մինչև Երևանը փոխի։ Երկու հայկական պետությունների գոյության այլ տարբերակ գոյություն չունի»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասել էր, որ Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ. «Ինչ -որ պարավոր ենք անել քաղաքական ուժեր, անում ենք, կանենք։ Մեր բանաձևը պարզ է՝ մենք մեր անելիքը կանենք, ուրախ կլինենք, վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Հայկ Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն, կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։