Աբովյանի քաղաքապետի տուն ներխուժած անձը վնասվածքներ է ստացել, նա ձերբակալվել է. Մանրամասներ
Գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։
Panorama.am-ին քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 297-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև, հաշվի առնելով տան տարածք մտած անձի՝ վնասվածքներ ստացած լինելու հանգամանքը՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դեպքի վայրից ոստիկանություն է տարվել առանձնատան տարածք մտած անձը, վերջինս ձերբակալվել է հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Կոմիտեից հայտնեցին, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Ձերբակալված անձի վնասվածքների մասով նշանակվել է դատաբժշկական, իսկ օրգանիզմում թմրանյութի հնարավոր առկայության մասով՝ դատաքիմիական փորձաքննություններ։
«Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բնակարանի տարածք մտնելու նպատակները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,-հայտնեցին քննչական կոմիտեից։
ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։ Օրենսգիրքը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։
297-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
195 հոդվածի 1-ին մասը սահմանում է Ֆիզիկական ներգործությունը. «Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին