Արշիլ Գորկու գլուխգործոցը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում Christie's-ի աճուրդում ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը ռեկորդ է սահմանել։ Նկարը նախնական գնահատվել էր ավելի քան 20 միլիոն դոլար, այն վաճառվել է 23,4 միլիոն դոլարով:
Կտավը ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենի հավաքածուից էր։
Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին Նյու Յորքի Սիդնի Ջանիս պատկերասրահում, այնուհետև հայտնվել է Ժամանակակից արվեստի և Գուգենհայմի թանգարաններում։
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկվում է հրդեհ, այրվում են նկարչի 20 կտավները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում և սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրույն տեղը հաստատեց 20-րդ դարի արվեստում: Ստեղծած նկարների թվում էին երեք կտավներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։
Christie's-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նյութը վերնագրված է՝ «Ամենահիասքանչ փյունիկ». ինչպես Արշիլ Գորկին վեր հառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը աճուրդի է հանվել 20 միլիոն դոլարով
- Արշիլ Գորկու գլուխգործոցներից մեկը կհայտնվի Նյու Յորքի Christie's աճուրդում
- Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան