Նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է.Փաշինյան
«Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին»,-«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
Նրա խոսքով՝ դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել առաջին հնգակողմ հանդիպումը և նախնական համաձայնություն էր ձեռք բերվել հաջորդ հնգակողմ հանդիպման վերաբերյալ և մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր:
Նշելով, որ հանդիպման ձևաչափի մասին հրապարակայնորեն հայտարարվել էր՝ Փաշինյանը հավելեց. «Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր»:
Ըստ Փաշինյանի՝ Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։
«Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 %-ն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում»,-հայտարարել է Փաշինյանը: