«Եղիշե Չարենց. Մատենագիտություն». Անփոխարինելի նվեր չարենցագետներին ու չարենցասերներին
Հայաստանի Ազգային գրադարանը նախաձեռնել է Եղիշե Չարենցի Մատենագիտության ստեղծման աշխատանքները երկու պրակով՝ Գրքեր և Հոդվածներ։ Այսօր արդեն կայացավ «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» Պրակ Ա-ի շնորհանդեսը։ Այն կազմվել է Ազգային գրադարանի մատենագիտության բաժնի աշխատակիցների կողմից տարիներ շարունակ և այսօր այդ աշխատանքի արդյունքը ներկայացված է գրքի տեքստով։ Գիրքը նվիրվում է մեծ բանաստեղծի 125-ամյակին։
Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ասաց, որ մարդն ու գիրքն ունեն մեկ ընդհանրություն՝ մարդը լույս աշխարհ է գալիս, իսկ գիրքը լույս է տեսնում, երկուսն էլ լույս են բերում. «Մեր գրադարանի գերակա ուղղությունը մատենագիտությունն է: Չկա որևէ մի գիտություն, հետազոտություն, որը կարող է չսկսել ու չավարտել մատենագիտությամբ: 1937 թվականից Ազգային գրադարանը սկսել է իր հրատարակչական գործունեությունը»։
Նրա խոսքով, այս մատենագիտության հրատարակումը նախատեսվել էր դեռ Չարենցի 100-ամյակի, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր կայացել։
Հրատարակության պատասխանատու խմբագիր, Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանի խոսքով, 2021 թվականի հունիսից սկսել են աշխատել գրքի վրա, ավարտել են 2023 թվականի օգոստոսին: Մատենագիտության Ա պրակն ի մեջ ներառում է 1914 թվականից մինչև 2022 թվականը հրատարակված գրքերը։ Այն ունի հետևյալ կառուցվածքը՝ Չարենցի գրքերը, Չարենցի կազմած ու խմբագրած, թարգմանած գրքերը, Չարենցի մասին գրքերը, օժանդակ ցանկեր, լուսանկարներ:
Գրքի կազմի և կրկնակազմի ձևավորման համար օգտագործվել է Եղիշե Չարենցի 1932 թվականի հրատարակությունը՝ Տաճատ Խաչվանքյանի ձևավորումը:
Հ.Ղազարյանի խոսքով, մեծ բանաստեղի ստեղծագործության և կենսագրության ուսումնասիրության համար ներկա մատենագիտությունը պարունակում է նյութեր, որոնք կարող են հետազոտողների համար հետաքրքրություն ներկայացել և դրվել գիտական շրջանառության մեջ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանն ասաց, որ ի մի է բերվել Չարենցի մատենագիտությունը։
«Այս գիրքն ընդամենը Չարենցի գրքերի մատենագիտությունն է, չարենցյան գրքերն են։ Սպասվում է երկրորդ պրակը, որտեղ կլինեն հոդվածները։ Աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Պետք է այնպես անել, որ ոչինչ դուրս չմնա, ինչպես արվեց պրակ Ա-ի դեպքում»,- ասաց նա։
Դ.Գասպարյանի խոսքով, Չարենցը միշտ եղել է, ապրել ժողովրդի կյանքում։
«Հատկապես անկախության շրջանում, երբ հնարավոր եղավ Չարենցին ամբողջապես ներկայացնել, մեր ժողովուրդը, որն, ըստ ամենայնի թումանյանականացված էր, սկսեց նաև չարենացականալ։ Չարենցն ապրում է յուրաքանչյուրի մեջ։ Չարենցի ամփոփման ժամանակն է, ի մի բերենք ու գոնե այս սերունդը Չարենցի առջև պարտքով չմնա»,- ասաց գրականագետը՝ հավելելով, որ սա անփոխարինելի նվեր է չարենցագետներին ու չարենցասերներին։
Միջոցառումը ուղեկցվեց գրականության ցուցադրությամբ։ Ազգային գրադարանի հարուստ հավաքածուներից ներկայացված են Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ և նշավոր նկարիչ-ձևավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձևավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր և շատ այլ նյութեր։
Մանրամասն՝ տեսանյութում։