Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական նոր հետապնդում է առաջադրվել
Օրեր առաջ ստացել ենք շուրջ հինգ ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը՝ 11 ռազմագետ-փորձագետների կողմից ստորագրված, որոնք միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում են Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նրա խոսքով՝ այս եզրակացությունը ստանալուց հետո ունեցել են դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ։ Մասնավորապես, 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
Փաստաբանի խոսքով՝ հակահարվածի դրվագով Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Ըստ Արսեն Սարդարյանի՝ ռազմագետները միանշանակ պատասխանել են՝ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից:
«Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, որն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- ասաց Արսեն Սարդարյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ դրվագը, որում շարունակում է մեղադրվել Ջալալ Հարությունյանը, վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին՝ թե մարդկային, թե զրահատեխնիկայի։
«Այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է նրա համար, որ իբր, երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել Հարությունյանի տեղակալ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս Ջալալ Հարությունյանին զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբր նա ասել է՝ դա յուրային խմբավորում է։ Եւ, իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ռազմագետներն ասել են, որ դիվիզիոնը մեր համապատասխան ոլորտում գործող կանոնների համաձայն պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։