Ռուս ռեժիսորի սկանդալային հայտարարությունից հետո Հայաստանում նախատեսված փառատոնի անցկացումը չեղարկվել է
Ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկիի՝ ֆեյսբուքյան գրառումից հետո Հայաստանում նախատեսված «Արտդոկֆեստ» փառատոնի անցկացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չեղարկվել է։
«Արտդոկֆեստ» փառատոնը, որի նախագահը Վիտալի Մանսկին էր, նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 23-26-ը։
Վիտալի Մանսկին փառատոնի՝ պետական ինստիտուտում չեղարկման որոշումից հետո գրառում է կատարել իր էջում՝ նշելով, որ իրեն զանգել են Երևանից իր ընկերներն ու հայտնել, որ գրառումը Հայաստանում շատերն այնպես չեն ընկալել։
«Ջնջեցի գրառումը։ Եվ փորձեմ հստակություն մտցնել։ Իսկապես, տպավորված բառը կարելի էր կարդալ որպես հավանություն։ Բայց դա նշանակում է, որ այն, ինչ տեսա Բաքվում, ուժեղ զգացմունքային տպավորություն թողեց ինձ վրա։ Իմ տեսածը համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած Հաղթանակի օրերին։ Իսկ հարևանությամբ գտնվող Հայաստանի համար ապագան շարունակում է ողբերգական մնալ։ Ես նախատեսում եմ գալ Երևան և շարունակել այս դժվարին զրույցը դեմ առ դեմ մի աշխարհի մասին, որը դատապարտված է պատերազմի։
Ի դեպ, ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է Արցախյան պատերազմի մասին պատմող «Նինայի երեխաները» ֆիլմը։ Հուսով եմ, որ այս ֆիլմի քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք զրուցելու։
P.S. Բաքվում նկարահանումների վերաբերյալ. Սա դրվագ է հակապատերազմական մեծ ֆիլմի համար, որը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում։ Ադրբեջանի իշխանությունները մեզ չեն հրավիրել, ոչինչ չեն վճարել, և մենք զգալի դժվարությամբ նկարահանել ենք դա»,-նշել է նա։
Գրառման ներքո հայ օգտատերերից մեկը հիշեցրել է Բաքվի հաղթանակի մասին հայտարարությունը, ինչին ի պատասխան ռուս ռեժիսորը նշել է. «Ես հիմա էլ եմ պատրաստ դա ասել։ Նավթադոլարներով լցված և Թուրքիայի կողմից աջակցվող պետությունը, իհարկե, ռազմական առումով ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որին Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, միայնակ է թողել իր թշնամու հետ։ Թե՞ Հայաստանում ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում»։
Նշենք, որ «DokuBaku» փառատոնի շրջանակում Art Doc Fest-ի տնօրենը երկու տարի առաջ այցելել է Ադրբեջան։ Մանսկին, որ հնարավորություն է ունեցել նկարահանել Ղարաբաղյան առաջին պատերազմի սկիզբը, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չէր կասկածում Ադրբեջանի հաղթանակին։
«Ես գիտեմ, որ բոլորը լցված են երջանկությամբ և հպարտությամբ, որ վերադարձել են ադրբեջանական հողերը։ Ադրբեջանն այնքան հզոր պետություն է, որ ես չէի կասկածում նրա հաղթանակի վրա։ Դա ակնհայտ է։ Ադրբեջանն ու Հայաստանն անհամեմատելի են»,-հայտարարել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան