Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ
2024 թվականին Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։
Մրցույթը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի խաչատրյանական ստուգատեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից՝ պայքարելու դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաեւ աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը։
Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող 20-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը բաց է: Մասնակցության համար անհրաժեշտ է, որպեսզի երաժիշտներն ուղարկեն իրենց կատարմամբ տեսագրության (նվազագույնը 15 րոպե տեւողությամբ) մեկ կամ մի քանի ինտերնետային հղում: Տեսագրությունը պետք է լինի առանց խմբագրման եւ դադարների: Պետք է ներկայացնել մեկ կամ մի քանի ստեղծագործություն՝ գրված մենանվագ ջութակի կամ ջութակի եւ դաշնամուրի (նվագախմբի) համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. մարտի 1-ը:
Մրցույթի մասին այլ մանրամասների, ինչպես նաև դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Երաժշտական այս խոշորագույն նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։