«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կոալիցիոն հուշագրով ՔՊ-ն զիջել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, և օրերս թաղապետ է նշանակվել Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը, սակայն, մեր տեղեկություններով, վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները՝ ի դեմս պատգամավոր Էդգար Հակոբյանի և դերասան Գնել Սարգսյանի։ Էդգար Հակոբյանը կուսակցության Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարն է, տևական ժամանակ է՝ այս համայնքում ՔՊ-ն խորհուրդ չէր ձևավորում, քանի որ թևերի էին բաժանված, Հակոբյանն ու նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը խուլ հակամարտության մեջ էին իրար հետ։ Այժմ Հակոբյանը, ով իբրև պատգամավոր աչքի է ընկել միայն պատգամավորական երդման տեքստը մի կերպ ընթերցելով, թաղում ուզում է իր ազդեցությունն ամրապնդել և թաղապետարանում իր մարդկանց նշանակել՝ ազատելով Բարխուդարյանի նշանակածներին։
Մեզ ասացին, որ նա ակտիվ շփումների մեջ է թաղապետի հետ, փորձում է աշխատակազմի ղեկավար նշանակել իր ընկեր Կարեն Հակոբյանին, ով հեղափոխությունից հետո Մալաթիայի փոխթաղապետ էր նշանակվել, ապա ազատվել թաղապետ Դավիթ Կարապետյանի կողմից՝ ինչ-որ թերացումների պատճառով։ Դիմել էր դատարան և շահել դատը: Կարեն Հակոբյանն իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է և չնայած դեռ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ամեն օր թաղապետարանում է լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։