Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխանությունից դուրս հաղորդակցության ուղիների անթուլատրելիության մասին պնդումը սադրանք է որակում
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին։
«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հարաբերություններին, ինչպես նաև հակասում 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի արտահայտած խոսքերին, որով նա ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։
Խոսնակը Իրանի դեսպանի հայտարարությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սադրանք է որակել՝ Իրանի նախագահի խոսքերի, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նկատվող դրական դինամիկայի ֆոնին:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ավելի վաղ հայտարարել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների փոփոխությանը դեմ լինելու մասին մեր դիրքորոշումը հայտարարվել է այնպիսի մակարդակով, որ ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այն։ Իրանը դեմ է ցանկացած տրանսպորտային հաղորդակցության, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխանությունից ու վերահսկողությունից։ Ոչ ոք չի կարող անկախ, ինքնիշխան երկրին ասել, որ նա հրաժարվի իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից և հանձնի այն այլ երկրի։ Սա նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն ու գերիշխանություն, ինչին մենք դեմ ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հրաժարվում է հաղորդակցության ուղի տալուց, այդ պատճառով Արաքսի հարավային ափով է երկաթուղի կառուցվելու.Ալիև
- Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. Պետքարտուղարություն
- Հարավային Կովկասը չպետք է դառնա պլատֆորմ ՝ արտասահմանյան երկրների մրցակցության համար․ ԻԻՀ ԱԳ նախարար