Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան․ Ալիևի ներկայացուցիչ
«Ադրբեջանը Հայաստան ներխուժելու մտադրություն չունի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը մոտ ապագայում Հայաստան ներխուժելու մտադրություն ունի, Ամիրբեկովն ասել է. «Կտրականապես ոչ, սա վերջին օրերին տարածված կեղծ լուրեր են, որոնց ծագումը մենք լիովին չենք կարող հասկանալ։ Նման լուրերի համար որպես պատրվակ նշվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ադրբեջանի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի միջև։
Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ»։
Նրա խոսքով, եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարող են օգտագործվել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «անցում», «ճանապարհ», «խաչմերուկ» և այլն։
Ամիրբեկովը նշել է, որ այս տերմինը «զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է»:
«Եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք, ըստ էության, այլընտրանքային տարբերակ ունենք. Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու մեջ և դա լինելու է հենց հայերի ընտրությունը։
Պատասխանելով ձեր հարցին՝ նորից կասեմ, որ ամեն դեպքում, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ, և այս անհիմն պնդումը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է տարածվում Հայաստանի կողմից», - ասել է նա։
Նա նաև մեկ այլ հարցի է պատասխանել, թե քանի հայ բնակիչ կա Արցախում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Ամիրբեկովն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է հազարից քիչ մարդ;
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխանությունից դուրս հաղորդակցության ուղիների անթուլատրելիության մասին պնդումը սադրանք է որակում
- Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ Միրզոյան
- Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր. Թաթոյան