Փախստականի կարգավիճակ ստացած Արցախից բռնի տեղահանվածները կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Արցախի Հանրապետութունից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն, և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կոլեկտիվ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։
Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի. բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ մարդկանց որպես փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը, ինչպես օրինակ՝ ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ։ Ըստ այդմ, ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,- նշել է նա։
Նա մանրամասնել է, որ դրանից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքների և պարտականությունների ամբողջական ծավալից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Փախստականները չեն օգտվում քաղաքական իրավունքների ծավալից՝ ընտրելու և ընտրվելու իրավունքներից։
Ղազարյանը հայտնել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Փաշինյան