Ղարիբաշվիլին ափսոսանք է հայտնել Չինաստանի դեսպանին ՉԺՀ-ի ղեկավարի մասին Զուրաբիշվիլու խոսքերի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վերաբերյալ խոսքերի համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ պատմական արդյունք կլինի, եթե երբևէ դատապարտվեն Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը։ Միաժամանակ նախագահը նշել է, որ դա իրատեսական չի համարում։
«Վարչապետն ափսոսանք է հայտնել Վրաստանի նախագահի հայտարարության կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահի հայտարարությունը չի ազդի կամ վնասի Վրաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների չափազանց դրական պատմական դինամիկային»,-ասված է հաղորդագրությունում։
Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նախագահի հայտարարությունը «կտրականապես անընդունելի է և վրդովեցուցիչ»։ Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը հակասում է Վրաստանի կառավարության դիրքորոշմանը։ Վարչապետը դեսպանին նաև ասել է, որ Զուրաբիշվիլին «առաջին անգամը չէ, որ գործունեություն է ծավալում սահմանադրության խախտմամբ և ի վնաս պետության շահերի», և հիշեցրել է, որ իր կողմից սահմանադրության խախտումը պատճառ է դարձել իմպիչմենտի ընթացակարգի համար։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Մակրոնին
- Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության մեկնել է Փարիզ
- «Սա լինելու է միասնական, մեծ նախաձեռնություն, մեծ մոբիլիզացիա». Սալոմե Զուրաբիշվիլին արշավ է սկսում