Երևանում նշվում է Ղափամայի տոնը
Վերնիսաժի կենտրոնական հատվածն այսօր անուշ էր բուրում։ Ղափամայի
տոնի առթից այստեղ կազմակերպվել էր ազգային ուտեստի ցուցադրություն և հյուրասիրություն։
«Ղափաման, որը նաև կոչվում է Ամիջ, շատ ծիսական և խորքային իմաստ ունեցող ճաշատեսակ է։ Ղափամայի հանրահռչակման գործում մենք բոլորս պետք է ներդրում ունենանք, քանի որ այն մեր մշակութային ժառանգությունն է, և ժամանակն է, որ մեր ինքնությունը կարողանանք ճիշտ հասկանալ և ճանաչել»,- ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Միջոցառմանը ներկա հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու Երևանի տարբեր քոլեջների, խոհարարական կազմակերպությունների և խոհարարական ուսումնական կենտրոնների կողմից պատրաստված ազգային ուտեստի ցուցադրությանն ու հյուրասիրությանը։
Բացի Ղափամայից, ներկայացված էին նաև ազգային խոհանոցին բնորոշ այլ ուտեստներ ևս` հալվա, չրեր, դդմով կարկանդակներ, փախլավա, դդմով ապուր և այլն: Միջոցառման ազգային մթնոլորտը ապահովում էին ավանդական երգի-պարի համույթները, հնչում էր ազգային երաժշտություն: