Համացանցում հայտնվել են Էթնա հրաբխի ժայթքման կադրեր
Իտալական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայտնվել են կադրեր Էթնայի հրաբխի ժայթքումից։
Էթնայի տարածքում սեյսմիկ ակտիվության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 12-ին, ժամանակի ընթացքում ցնցումներն ու հրաբխային դողն ավելացել են։
Իսկ այսօր արդեն Սիցիլիայում սկսել է ժայթքել Եվրոպայի ամենաբարձր (ավելի քան 3 հազար մետր) գործող հրաբուխը՝ Էթնան։ Այս մասին գրում է Snob.ru-ն՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։
Փորձագետների տվյալներով, ժայթքումը նկատվում է հրաբխի հարավարևելյան խառնարանում։ Գազերը, մոխիրը և ժայռերի բեկորները ծովի մակարդակից բարձրացել են մինչև 4.5 հազար մետր: Հրաբխային արտանետումներ են հայտնաբերվել լեռան ամենամոտ քաղաքներում, ինչպես նաև Կատանիա-Մեսինա մայրուղու վրա: Առայժմ ժայթքումը չի ազդել տեղի օդանավակայանի աշխատանքի վրա:
Փորձագետները շարունակում են հետևել երևույթին։ Գիտնականները նշում են, որ հրաբխի ակտիվությունը վտանգավոր չէ բնակչության համար։
2013 թվականին Էթնան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականին հերթական ժայթքման ժամանակ տուժել է 10 մարդ։ Էթնան ժայթքում է մոտավորապես երեք ամիսը մեկ անգամ։
Չնայած հրաբխային ակտիվությանը, Էթնայի լանջերը խիտ բնակեցված են. գետնի մեջ նստած մոխրի պատճառով հրաբխի մոտ հողը բերրի է: Այստեղ տնկվում են խաղողի այգիներ, աճեցվում է ձիթապտուղ։