17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար. «Հետք»
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։
«Երբ փորձեցինք պարզել, թե ինչ ընթացակարգով է իրականացվել պետական այս գնումը, պարզվեց, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը մեզ հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում։
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը»,-գրում է աղբյուրը։
ԱԳՆ պաշտոնյան պարզաբանել է՝.«Հիշատակված միջոցառման վայրի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տվյալ հյուրանոցում առկա են նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու համար անհրաժեշտ շենքային պայմաններ՝ նիստերի մեծ դահլիճ, դիմավորման պաշտոնական արարողության համար համապատասխան սրահ, մամուլի կենտրոնի համար համապատասխան տարածք և այն։ Տարածքի անվտանգության ապահովման տեսանկյունից ևս հյուրանոցը գտնվում է բարենպաստ դիրքում»։
«Հետք»-ը հիշեցնում է՝ վերջին տարիներին Հայաստանում մի քանի անգամ անցկացվել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստ։ 2022 թ․-ի հոկտեմբերին այն անցկացվել է Երևանում գտնվող Դվին հյուրանոցային համալիրում։ Դրանից առաջ՝ 2021 թ․-ի նոյեմբերին, նիստն անցկացվել է կրկին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2020 թ․-ի նիստը կրկին անցկացվել է մարզահամերգային համալիրում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը. «Հետք»
- «Փաստ». Ի՞նչ վիճակում է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը հիմա
- «Գոլդեն Փելեսը» շուտով նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան