Տեղային նիհարեցում գոյություն չունի. Կարևոր հարցերի պատասխանները մարզչից
Երկարատև նստակյաց աշխատանքը, որն այսօր շատ տարածված է, առաջացնում է բազմաթիվ խնդիրներ։ Մարզասրահ այցելելու կարևորության, առողջության պահպանման ու գրագետ մարզման մասին Panorama.am-ը զրուցել է մարզիչ Ռուբեն Աբրահամյանի հետ։
Panorama.am -Երկարատև նստակյաց աշխատանքը հատկապես մարմնի ո՞ր հատվածի մկանների վրա է բացասաբար ազդում։
Մարզիչ-Նստակյաց կյանքն առավել ազդում է մեջքի մկանների վրա, քանի որ անընդհատ նստած և կռացած դիրքում մնալուց մեջքի մկանները չեն զարգանում։ Ողնաշարը սնուցվում է մեր գիպերէքստենզիվ մկաններից, և եթե այդ մկանները զարգացած և տոնուսի մեջ չեն, դրանք չեն սնուցվում. առաջանում են մեջքի ցավեր, կիֆոզ և նմանատիպ այլ խնդիրներ։
Panorama.am-Ի՞նչ խնդիրներով են առավել հաճախ մարդիկ դիմում մարզչին. խնդիրները կանանց և տղամարդկանց պարագայում տարբե՞ր են։
Մարզիչ -Մարդկանց մեծ մասը դիմում է նիհարելու համար. տղամարդկանց դեպքում՝ մկանային զանգված ձեռք բերելու, իսկ կանանց՝ նիհարելու, որովայնի ճարպերից ազատվելու և ավելի ընդգծված մկաններ ու կազմվածք ունենալու համար։
Panorama.am-Հայ կանանց մեծ մասը դժգոհում է որովայնի հատվածում ճարպի խնդրից։ Ի՞նչ մարզումների շնորհիվ կարելի է այրել ճարպը, ձգել այդ հատվածը։
Մարզիչ-Տեղային նիհարեցում գոյություն չունի։ Մարդիկ պատկերացնում են, որ մարզասրահ գնալիս, եթե պետք է որովայնի ճարպերից ազատվել, ուրեմն միայն դա պիտի անել, բայց պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ մեր օրգանիզմի համար ճարպը հանդիսանում է որպես պահեստային էներգիա, և օրգանիզմն է որոշում՝ որտեղի ճարպերից կազատվի առաջինը։
Panorama.am-Միայն մարզումները բավարա՞ր են ճարպն այրելու համար։
Մարզիչ- Բավարար չեն, քանի որ արդյունքի 70 %-ը կախված է մեր սննդից, 30 %-ը միայն մարզվելուց։
Panorama.am-Ո՞ր տարիքից կարելի է մարզասրահ հաճախել։ Ինչո՞ւ։
Մարզիչ-Երեխաներին խորհուրդ կտամ 10-12 տարեկանից սկսած մարզվել, քանի որ այդ տարիքում երեխաները սկսում են նստել գրասեղանի դիմաց, և դաս անելիս, կամ բազմոցին սխալ նստելիս, նրանց մեջքը սկսում է թեքվել, այդ իսկ պատճառով հարկավոր է մարզվել գրագետ մարզչի ուղղորդությամբ։
Panorama.am-Մարզասրահ գալուց առաջ պարտադի՞ր է սնվելը։
Մարզիչ-Մարզվելուց առաջ պարտադիր է սնվել 1.5-2 ժամ առաջ։ Պետք է օգտագործել սպիտակուցներով ու ածխաջրերով հարուստ սնունդ, քանի որ հենց ածխաջուրն է հանդիսանում էներգիայի աղբյուր։ Եթե սնունդը ապահովված չլինի, մարզումների ընթացքում կարող են բարդություններ առաջանալ՝ գլխապտույտի և թուլության տեսքով։
Մարզումներից հետո առավել սպիտակուցային սնունդ պետք է օգտագործել, քանի որ մկանաթելերը այրելուց հետո, պետք է դրանք վերականգնվեն։
Panorama.am- Ո՞րն է առավել օպտիմալ ժամանակահատվածը՝ մարզումների համար։
Մարզիչ-Կոնկրետ ժամանակահատված գոյություն չունի, մարդն ինչպես իր օրգանիզմին սովորեցնում է ռեժիմին, օրգանիզմը պատրաստ է լինելու այդ ժամի մարզումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին